К основному контенту

Պարոն Պո






 

Կաղնու ծառի վրա աճում են գլխարկավոր բարեկամներ։ Մարդիկ նրանց անվանում են կաղիններ։ Երեխաները դպրոցից տուն շտապելիս սիրում են գետնին ընկած գլխարկները հավաքել ու շարել մատների ծայրերին, ինչպես ազնվամորին։ Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ մարդիկ անճանաչ են այն աշխարհին, որտեղ ապրում են, օրինակ՝ նրանք մեկ-մեկ մոռանում են, որ կա տիզերեք և հազարավոր այլ գալակտիկաներ: Ինչևէ։  Կաղնու ծառին աճում են գլխարկավոր բարեկամներ, նրանք գործնական  են, սիրում են պարել ստեփ (նշանակում է քայլ, իռլանդական և աֆրոամերիկական պար), սիրում են լսել տարբեր երգեր ու քանի որ ծնվում են Հայաստանում, բացի Կոմիտասից, Մանսուրյանից, Համասյանից, և այլ անվանի ու լսելու արժանի երաժիշտների ստեղծագործություններից, ակամայից մեկ-մեկ լսում են նոտաներին բռնաբարած երաժշտություն  պատահում է նաև այդպես։ Նրանք վստահ են, որ եթե ծնվեին անգամ Ֆրնասիայում, մեկ է, կգտնվեր որևէ կլկլոց, որը նրանց դուր չէր գա, դրա համար էլ նրանք այստեղ ծնվելիս չեն շտապում տաք երկրներ չվող թռչունների հետ հատուկ դաշինք  կնքելու, չնայած համավարակից հետո մարդկանց ճամպրուկների մեջ չհայտնվելու պատճառով ծիծեռնակների հետ օդային ճանապարհների նոր պլաններ են մշակել, իսկ ծիծեռնակների օգուտն էլ այն է լինելու, որ կաղինները հասունանալիս ու վայր ընկնելիս այնպիսի ուղղությամբ պետք է ընկնեն, որ խոտը չոր լինի,  ու ծիծեռնակները էլ զուր ժամանակ չծախսեն չոր խոտ փնտրելու համար։ Բուն կառուցելու «մատերիալը» տաք երկրներում հայտնվելու  գումարն է դառնում։
Կաղիններից ամենատարեցը համարվում է Պարոն Պոն, որը արդեն քանի տարի է՝ աճում է մի այգում, որի կառուցումը եղել է ԽՍՀՄ տարիներին։ Նա անձամբ տեսել է Լենին պապի արձանը, նրա երկրպագությունը մարդկանց կողմից և նրա անկումը գլխիվայր՝  ի պատասխան մարդկային սիրո ավարտի։ Այն ժամանակ մտավախություն կար, որ ծառաէտումների ժամանակ կկտրեն նաև իրենց գերդաստանի բնակատեղին, դե, ցուրտ էր, մութ էր, ով ոնց կարողանում էր՝ տաքանում էր,բայց ի ուրախություն պարոն Պոյի ընտանիքի, նրանք շիվ էին դեռ այն ժամանակ ու անտեսվեցին, որպես անպետք ընտանիք։ Անցան տարիներ, պուրակը վերանորոգելը սկսվեց Հայաստանի առաջին նախագահը, ավարտեց վերջին վարչապետը, դա նորմալ է Պարոն Պոյի համար և նա որպես գերդաստանի իմաստուն միշտ իր ընտանիքին նախապատրաստում էր, որ հեշտ չի լինելու, շինաղբ են տեսնելու, գուցե փոշի կուլ տան, բայց մի բանով էր այդ ամենը օգտակար լինելու, որ քիմիայից փախչում են որդերը, հետևաբար ինչքան երկար տևի  շինարարաությունը, այդքան երկար վատագույն թշնամիները հեռու կմնան կաղնուց։
Այսօր օրերն այնքան խաղաղ են, որ մարդիկ գալիս են տարածքում զբոսնելու, շները իրենց կարիքները հոգալով հումուս են տալիս ծառին, մեկ-մեկ չարաճճի մայրիկները բալիկների կարիքներն են հոգում ծառին հարակից, միայն թե քամիների ժամանակ երևանյան անօդաչու թռչող տոպրակները իրենց պլաստիկե էությամբ գրոհում են ճյուղերի վրա ու դառնում խնդիր։ Կաղնին ունի Սամսոն պապ, տարածքի պահակն է ու այգին մաքրապատողը, խոտը հնձողը , ծառեր ջրողը։ Տեսնի թե չէ տոպրակի մենամարտը ճղերի հետ, փայտը ձեռքին կմոտենա, մի քանի հիշատակում կանի տոպրակը դեն  նետողին ու մի քանի հարկանի հայհոյանք կկապի վզին ու կազատագրի պլաստիկի մեջ խեղդվող կաղիններին։ Ի դեպ, Սամսոն պապը Էկո համայնքի բիձուկ է, իր առօրյա իրերի պայուսակը կտորից է, իսկ լանչի տոպրակը՝ թղթից։
Պարոն Պոն շատ է սիրում, հարգում Սամսոն պապին, դրա համար ավելի շատ թթվածին են արտանետում, երբ բիձուկը ամռան շոգին չդիմանալով՝  ծառի ստվերի հետ ժամի սլաքի պես պտտվում է, մինչև երեկոն գա փրկի հովին կարոտ մնացած մարմինը։ Մեկ-մեկ Պարոն Պոն իր թոռներին ստեփ պարելու, դպրոցականների հետ ուսում առնելու ուղարկելիս հուշում է, որ Սամսոնը նստել է շան կղանքի վրա, սակայն Երևանի ամառներում կղանքի վրա, թե մեզի, կարևորը՝ հով լինի։
Օրը տաք էր, ճանճը ճանճ էր թողնում կտակ, մեքենաների ձայնը խլացնում էր ծղրիդի ճռռոցը, իսկ ասֆալտից վեր էր բարձրանում ընդերքի քրտինքը։ Պարոն Պոն հիշում է՝ դեռ հին ժամանակներում, երբ սիրահարները իրենց սերերը թաքցնում էին իր ճյուղերի ներքո, Սամսոն պապը քիչ հեռու գտնվող իր պահակակետից միացնում էր շանսոն ու ապահովում ռոմանտիկ մթնոլորտը։ Իսկ երբ անծանոթ էր հայտնվում տարածքում, պարոն Պոն իր կաղիններից մեկին ուղարկում էր կրքից մթագնած պատանիներից մեկնումեկի գլխին, որ ձևացնեն, թե իրականում կաղին էին փորձում պոկել և ոչ այն, ինչը կարող էին մտածել անցորդները։ Հիմա ժամանակներն այլ են, ամաչելու հետ կապված շատ խնդիրներ անցել են։ Դրանում Պոն համոզվել էր մի առիթով, երբ 8 գլխարկավոր թոռնիկներից և ոչ մեկը չէին կարողացել կանխել  սիրո հրդեհը, ստիպված Սամսոն պապն էր խառնվել գործին ու խնդրել, որ պուրակի անունը չգցեն, քանի որ այստեղ գալիս են նաև անչափահասներ։ Իսկ թե փոքրիկ կաղինները չլինեին, այնպես է որ, պարոն Պոն դեմ չէր այդ ամենին։ Ինչևէ։
Սամսոն պապի կնոջը շատ է սիրում պարոն Պոն, ամեն անգամ նայում է, թե ոնց է մի թաս լվացված շորերը հանում պատշգամբ ու կախում, իսկ թե հոգնում է, ապա պատի վրա արևի բերած ստվերը շարունակում է կախել լվացքը։ Հիշում է Պոն, թե այդ պատշգամբում մի առիթով հավաքվել  ու նշում էին ծանոթության օրերը, հին էին ժամանակները, սուրճի սերը՝ թանձր, բաժակը՝ տաք, օրը՝ հավատավոր, կիրքը՝ անսանձ, աչքերը՝ փայլով կերակրված, միտքը՝ ամենակարող, երեկոն՝ մթնող, խոսքը ՝գործ դարձող, երկինքը լուսնին խուտուտ տվող, իսկ այ ժամանակը՝ ինչպես միշտ թռչող։ Հուր էին մազերը, այն նշաձև ու շագանակի, խաղողի գույնով խառնված աչքերով աղջկա, նրա ծիծաղը գրավում էր թաղամասը և պարոն Պոյի սիրտը։ Նա սիրում էր կարդալ Բալզակ, բայց սիրում էր, երբ իրեն ընդունում էին, որպես զավզակի, այդպես հեշտ էր հասարակության մեջ բոլոր լինելը։ Բայց այդ աչքերում, որտեղ հազարավոր աստղեր սպասում էին իրենց հերթին, որ փայլեն, պարոն Պոն գտնում էր այն գիսավորին, որ պահին զուգահեռ անցնում էր ու ատամնաշարի սպիտակ զինվորները կարմիր դարպասներից ներս էին անցնում։ Պարոն Պոն փորձում էր մտաբերել մի հումոր, որ վերադարձնի ժպիտը նրա։ Փոքր էր Շահանեն, կյանքը շուտ մարսած մի հայ աղջիկ, որ անգիտակցաբար, երթին զուգահեռ փողոցում կանչում էր ցույցերին հարիր ինչ-որ զույգ բառեր։ Սամսոնը Շահանեի հորեղբայրն է, բերում էր սառ ձմերուկն ու հյուրասիրում, ասում էր՝ իր տան մետլախները խփել է, որ ձմերուկը լավ սառի, կնոջ համար էլ գնել էր մի վզնոց, որի հետևի մասում ծուռմռտիկ փորագրած էր՝ «ձմերուկի կորիզ»։ Դա նրանք տնկել էին ի պատիվ իրենց սիրո ու այգին բարեբեր էր, ինչպես իրենց միությունը։
Պարոն Պոն եկել էր հին Հունաստանից, որտեղ ըստ ավանդույթի կար մի ծառատեսակ, որին անվանում էին «գեղեցիկ ծառ»։ Այն ծաղկում է ապրիլ-մայիս ամսիներին, հնդիկները այդ նույն ծառին անվանում են «աստվածածառ»։ Եվ քանի որ պարոն Պոն Շահանեի հանդեպ այնքան սեր ուներ, որքան Վեներա մոլորակը իր հովանավորության ներքո ծնվող մեր մոլորակցիների, որոշեց, որ այն աղջկան, որ դեռ պետք է գտնի իր առաքելությունն այս կյանքում, որոշեց Հունաստան վերադառնալուց առաջ այն այգում, որտեղ Շահանեն առաջին անգամ քայլել է, պետք տնկի մի շիվ՝ կաղնու ծառի, չէ որ Շահանեն ապրիլ ամսվա ծնունդ է, ինչպես կաղնին։ Պարոն Պոն Հունաստան վերադառնալուց առաջ միշտ ասում էր, որ Շահանեի հետ կուզի քայլել ապագա ծառուղով
․․․ Շահանեն, փոքր չէր վաղուց, և նրա հայացքից կարող էիր խախտել այն բոլոր պատվիրանները, որ ի վերուստ կանոնիկ են դարձնում մարդկայինը։

-        Ուզում եմ քեզ ինձ հետ տանել, Շահանե, այնտեղ, որտեղ ուսում կստանաս։
- Ես այստեղ էլ եմ ուսում ստանում։

-        Ինձ մոտ այլ կլինի քո ապագան։
- Պարոն Պո, ինչու եք եկել իմ երկիր ու փորձում արմատախիլ անել ինձ։
- Որովհետև այնտեղ, որտեղ ես եմ ապրում, քամին այնպես չի կոփում ծառին, այն աճում է խաղաղ ու անկախ։

-        Դե ուրեմն, ներող եղեք, ձեզ մոտ ծիրանենին կդառնանա ու կկորցնի իր բնույթը։
- Դեռ ցոգոլ ես, Շահանե, բայց քո աչքերում տեսնում եմ այն կնոջը, որ դեռ պետք է տեսնի Եվրոպան, Չինաստանը, Բրազիլիան։
- Ես էլ, պարոն Պո, ես էլ։

-        Դե բա էլ ի՞նչ։

-        Այս կողմերում, նայեք Արագածին, տեսնո՞ւմ եք, չորս գագաթ ունի հսկան, մյուս կողմ նայելիս փռված է Արան, իսկ այն մյուս կողմում Հատիսն է կանգնած, մի քիչ աջ նայեք Աժդահակն է, հետո Սպիտակասարը, իրար գրկած կանգնած են իմոնք։ Դուք շուտ-շուտ եկեք մեզ այցի, ես էլ կգամ, թե հնար լինի։

Պոն բարկությունից ու անզորությունից սեղմում էր թերթը, անկեղծ ասած մի լավ կքոթակեր կարմրազգեստ թռվռանին, բայց ինչ աներ նաև այն 15 տարիների հետ, որ կանգնած էին իրենց միջև։ Շահանեն շտապում էր տուն՝ սառը ձմերուկ ուտելու, երեկոյան միասին պետք է գարեջրեին ու հրաժեշտի կենաց ասեին եվրապոնաերից հոս ժամանած գլխարկավոր տղամարդուն։

Թռիչքից առաջ քունդ փախչում է, միշտ մտավախություններ են գալիս, թե երկար ճանապարհը գուցե իր վայրէջքին չհասնի  կամ ինչ, եթե ինքնթիռը ծովի վրա որոշի անկում ապրել, եթե այս ամենին գումարենք այն, որ լուսնի լույսով գրկված պատին ուռենու ճյուղերի խաղը նման էր Շահանեի մազերի խաղին, ապա սիրտը առիթ ունի արցունքներին դեպի աչքեր գործուղելու։

Ինչպես ասում են դասականները՝առավոտ էր, Արարատյան դաշտի առավոտներից։ Կյանքում առաջին անգամ պարոն Պոն խախտեց Սամսոնի հանդեպ հարգանքն ու ներս մտավ տուն, դուռը բաց էր, ինչպես հին Երևանում էր ընդունված։ Շահանեն պատրաստվում էր գնալ տեխնիկում, նստել էր մեծ հայելու առջև  ու մազերը սանրելով՝  երգում էր։ Նրա կուսական մարմնին ձուլվում էին առավոտի ճառագայթները։ Առաջ չգնաց Պոն, երեկոյան հրաժեշտի գրկախառնություն էր եղել, ուղղակի նայեց վերջին անգամ ծիրանենուն, որի արմատները հրաժարվել էին աճել Հունաստանում։

Շաբաթներ անցան, մինչև նամակ եկավ Պոյից։ Ասում էր, որ հասել է, ամեն բան կարգին է և շարունակում է նույն կրքով սիրել Արագածի, Արայի, Աժդահակի և մյուս լեռների գրկում ապրող իր մտերիմներին։
Սամսոն պապը այդ օրը լուռ էր, Շահանեն երգում էր ու խոսում դեսից-դենից։
- Վեր կաց, բալ, գնանք ծառիդ մոտ։

-        Ծառի՞ս։

-        Հա, դմբո, վեր կաց։

Այն այգում, որտեղ առաջին անգամ քայլել է Շահանեն, ինչպես կասեր Պոն՝ այն այգին, որտեղ առաջին անգամ ծաղկել է ծիրանենին, քարե փոքրիկ պատնեշների մեջ դրված էր կաղնու շիվ, հարակից քարը բարձրացնելիս թաքնվել էր տառակույտ եղած մի նամակ։

«Ինչպես ընդերքում հոսում են գետեր ու նրանց մասին չգիտեն մարդիկ, այդպես էլ ես եմ քեզ հիշում մեկ-մեկ ու փոխում հունը իմ ճանապարհի, հիշում մայրամուտները ու մի քիչ տխրում չէ՞ որ արևից կաթում էր ոսկին ու լցվում աչքի մեջ։
Դու ինձ ասում էիր՝  բախտն է էդպիսին, ես էլ ասում եմ՝ սեփական կամքիդ մեղքերն այսուհետ մի գցիր բախտին, քո քայլած ուղուց ոտքիդ հանդիպած քարերի համար մեղավոր չեն մարդիկ։ Ինչպես նախադասության մեջ ենթակայի անելիքը որոշում է ստորոգյալը, շաղկապից առաջ դրվում ստորակետ, որպես նախադասության հեղինակ ես էլ իմ կողմից այս պատմությանը դնում եմ սիրուն վերջակետ։ Այստեղ միշտ կարող ես գտնել ինձ, իմ սիրելի ծիրանենի։ Սիրով՝ պարոն Պո»։

 

Շուշանիկ Ասատրյան

Լուսանկարը՝ Եսայի Դուրմուզյանի
Պատմվածքներս կարող ես կարդալ «tvալիք» շաբաթաթերթի համարներում

 

 



Комментарии

Популярные сообщения из этого блога

Հեր ջան

 Մնգոն պրծնելուց հետո մեր քուչում կանգնեցրին վռատար։ Գնդակից ուդառ ուտելը առօրյա պարտականություն էր։ Ես փոքր էի ու պիտի ենթարկվեի թաղի լավերին, որ վաղը չէ մյուս օրը մազս ծռող լիներ, դրա մազն էլ ծռողներ լինեին։ Էս ընգերություն չէր, էս ապահովագրություն էր։ Իմ ընգերը մյուս վռատարն էր, որը էլի փոքր էր ու գոյատևման համար էր բզոցին ուտում։  Ես Հակոբն եմ, փոքր ժամանակ՝ Հակոբիկը։ ԻԿ-ը ուրշիների ինքնահաստատման հաղթաթութղն էր, առանց ԻԿ-ի իրենք նվաստ էին, կամ էլ ինձ հավասար։ Բա տենց կլինե՞ր։ Էն ժամանակ մերս ու հերս անտանելի կռվում էին, մերս չէր սիրում դատարկ սառնարան, հերս չէր սիրում փնթփնթան կնիկ։ Բայց իր պեսին ուրիշը յոլա չէր տանի։  Մերս ունի պեպենոտ քիթ, սիրուն ու սպիտակ մաշկ, մատները կարճլիկ են, բայց նուրբ ու մի քիչ ցից երակներով։ Անունը՝ Նախշուն՝ ճիշտ իր պես, ապրեն տատս ու պապս։ Մերս նուրբ կին է, բայց փշոտ բնավորություն ունի։ Որ մեկին չսիրեց․․․ թող ու փախի։ Մազերը մամայի ուղիղ են ու ռիժիկ, ոնց որ կտավի կին լինի։ Բայց այ աչքերը, չգիտեմ, դրանց նայելիս երբեք գույնը չեմ հասկացել, որովհետև մերս ի
ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՔԱՐՈԶԻ ՊԱՏՈՒՀԱՆ Օվերթոնի «պատուհանը» մշակված մի մեխանիզմ է, որի միջոցով հասարակությանը կարելի է ընտելացնել անհանդուրժելի երևույթներին (անբարոյականությունից մինչև մարդակերություն)։ Այս մեխանիզմը կազմված  է մի քանի քայլերից, դրա կիրառումից  հետո ենթագիտակցությունը պարտության է մատնվում։ Դիտարկենք միասեռականության թեման։ Այն քննարկելիս առաջին արձագանքը, որը մասսայականություն է վայելում՝ դա ամոթն է, չնայած այս երևույթն ունի դարերի պատմություն։ Մեկ այլ տեսանկյունից՝ 20-րդ դարից մինչև մեր օրեր հասարակությունը հետևում է Օվերթոնի «պատուհանի» մեխանիզմին։ ԶԼՄ-ներն այս ծրագրի մի մասն են կազմում, քանի որ  միասեռականության թեման շոշափելիս այն շատ դեպքերում ներկայացվում է  հիվանդություն, իսկ արվեստի դեպքում արտիստիկ շեղում, որը նորմալ է ․ «անձը տաղանդավոր է և նրան ամեն բան թույլատրելի է»։ Ի հակասություն նախորդ օրինակի՝ շատ լրագրողներ իրենց նյութերում ներգրավում են միասեռականներին և զոհի հոգեբանությամբ հարցազրույցներ են հրապարակում։ ԶԼՄ-ները թիրախավորել
Լեոնարդ Քոհեն (Կանադացի գրող, երգահան, երգիչ) Հազարավոր համբույրների խորքում      ( https://www.youtube.com/watch?v=46cSksKVzzs ) Պոնիներն են վազում, աղջիկներն են երիտասարդ, դժվարությունները պատրաստ են հաղթահարման։ Ժամանակ ես շահում,  հետոն՝ ավարտ, վերջ հաջողության քո ժապավենին, և  հիմա հրավիրված ես հաղթահարելու քո անպարտելի ձախողումները։ Ապրում ես, կարծես, կյանքն իրական է  հազարավոր համբույրների խորքում։  Ես փոխում եմ հնարքներս, քարանում՝ տեղնուտեղս, ես կրկին Բուգի սթրիթում եմ․․․ Կորցնում ես հիմքերդ  և այդժամ սահում գլուխգործոցի գիրկը։  Գուցե, դեռ շատ կիլոմետրեր պետք է գնայի, և կային խոստումներ՝ չպետք է պահվեին, բայց ձեռք ես քաշում այդ ամենից,  որ ողջ մնաս  հազարավոր համբույրների խորքում։ Երբեմն, երբ գիշերն է դանդաղ, դժբախտ ու մեղմ մենք հավաքում ենք մեր սրտերն ու հեռանում՝ հազարավոր համբույրների խորքում։ Սեռականով բավարարված մենք համառել ենք ծովի սահմաններում։ Տեսա անօվկիանոսությունը. իմ պեսները,  որ սնվու