Ի սկզբանե այդ ճանապարհին փակցված էր՝ «մի գնա», հենց դրա համար էլ գնաց։ Այդ առեղծվածային օրը մարդուն կարելի էր խոստանալ հավերժական ամեն բան, թվում էր, թե կկատարվի։ Այդ տարօրինակ օրը կարելի էր մազերը ներկել միանգամից յոթ գույն ու վստահաբար սպասել, որ գլխիցդ ծիածան դուրս կգա։ Այդ տխմար օրը կարելի էր պարզապես բոլորին ասել, որ դու լիարժեք և վերջնական երջանիկ ես, ով գիտի, գուցե պատահեր մի այդպիսի հաջողություն։ Սկսվեց անձրև, այն պատահական, մեզը պահել չկարողացող մեծահասակի պես մեկ-երկու կաթիլ փստացրեց գետնին, որպես նախատակտ։ Կողքի ծառերից խշշոցը սողոսկում էր ու լցվում ականջի մեջ, ասես ուր որ է բոլոր սպանված կենդանիները կհայտնվեին ու կսկսվեր բնության վրեժն ընդդեմ որսորդների, կարծես սղոցված ծառերի արմատները ոտքերիցդ կբռնեին ու կախաղան կբարձրացնեին, քանի որ դու աներեսի պես, լկտիաբար եկել ես այնտեղ, որտեղ գրված է՝ «մի գնա»։ Թռչունները մեկը մյուսին իմաց տալով ներս եկողի մասին ծառից ծառ էին թռչում։ Թզենու վրա կային 2 կաչաղակ, բացել էին թուզն ու լափում էին հատիկավոր օշարակը։ Նրանց պետք չէր, թե ով եկ