К основному контенту

Լեռան ծաղիկ




Ի սկզբանե այդ ճանապարհին փակցված էր՝ «մի գնա», հենց դրա համար էլ գնաց։ Այդ առեղծվածային օրը մարդուն կարելի էր խոստանալ հավերժական ամեն բան, թվում էր, թե կկատարվի։ Այդ տարօրինակ օրը կարելի էր մազերը ներկել միանգամից յոթ գույն ու վստահաբար սպասել, որ  գլխիցդ ծիածան դուրս կգա։ Այդ տխմար օրը կարելի էր պարզապես բոլորին ասել, որ դու լիարժեք և վերջնական երջանիկ ես, ով գիտի, գուցե պատահեր մի այդպիսի հաջողություն։ Սկսվեց անձրև, այն պատահական, մեզը պահել չկարողացող մեծահասակի պես մեկ-երկու կաթիլ փստացրեց գետնին, որպես նախատակտ։ Կողքի ծառերից խշշոցը սողոսկում էր ու լցվում ականջի մեջ, ասես ուր որ է բոլոր սպանված կենդանիները կհայտնվեին ու կսկսվեր բնության վրեժն ընդդեմ որսորդների, կարծես սղոցված ծառերի արմատները ոտքերիցդ կբռնեին ու կախաղան կբարձրացնեին, քանի որ դու աներեսի պես, լկտիաբար եկել ես այնտեղ, որտեղ գրված է՝ «մի գնա»։ Թռչունները մեկը մյուսին իմաց տալով ներս եկողի մասին ծառից ծառ էին թռչում։ Թզենու վրա կային 2 կաչաղակ, բացել էին թուզն ու լափում էին հատիկավոր օշարակը։ Նրանց պետք չէր, թե ով եկավ, ով գնաց․ գնացողը անպիտան է, մնացողի հոտն էլ հազար մետրից է գալիս։
Ընկուզենու ծառերը կարծես ավագ տեղացիներից լինեին, բարձրահասակ էին ու ձեռքերի վրա պահում էին հազար բուն, մեկ-մեկ ստուգում էին իրենց հանգուցյալ պապերի ամրությունն ու մի պոպոք շպրտում դեպի լքված տները, եթե չփլվեց տանիքը, պապի հիշատակը վառ է։
Էս կողմերում սարդերը գերակշիռ բնակիչներ են,  քայլելիս դեմքիցդ շատ կփորձես մաքրել թաթանցիկ գործվածքները, դրանց հետ մեկ-մեկ դեմքիդ են մնում նաև ծուղակահարված մժեղները։ Խուլ հեռուներից մի ձայն էր լսվում, շվի էր, կամ էլ կլոր մի գործիք, որի միջից մեկի կարոտն էր դուրս թափվում, մեկը տիեզերքի հետ կապ էր հաստատել ու անջատվել էս երկրից։ Ոնց շունն է հոտոտում ճամփեքը՝ հետքեր փնտրելիս, էդպես էլ նա՝ գերմանական որսորդ-շան պես սկսեց հետևել երաժշտությանն ու քայլել։ Ճամփին սեպտեմբեր էր, տեղ-տեղ կարճ ամառվա վրա թքած վերաբերմունքով աշունը վրձնել էր մի քանի ծառ ու տերև։ Քայլելիս ծառի վրա նկատեց գրություն՝ « իսկ միթե դա քեզ պետք է»։ Սկսեց մտածել՝ «ինչը՞», գուցե նա քայլեր, հասներ մի տեղ, որտեղ շատ հեշտ ու հանգիստ գլխից կկրակեին ու «game over», կամ ասենք հասներ տեղ ու նապաստակների արքան ի պատիժ դարակազմիկ իրողության իր գլուխը դներ թակարդի մեջ ու սպասեր, մինչև արնաքամ զոհը դառնա մի լավ ճաշի միս, դե, կամ էլ օձերով լիքը մի փոս ընկնի, դե կամ էլ ավելի վատ, գուցե հանդիպի իր նախկիններին ու սկսվի այդ անտանելի բացատրական հարցաքննությունը, թե ինչու չստացվեց ընտանիք դառնալը, եթե կար սերը։ Չէ, ավելի լավ էր օձերի փոսը։ Սկսեց քմծիծաղ տալ իր վախից։ Իրականում ոչինչ էլ չէր ասվել, որ կտրամադրեր միայն ու միայն վատին, բայց բնածին էս տեսակին հատուկ է կյանքի պահպանումը՝ վտանգի դեպքում, իսկ վտանգը մի նախադասություն էր, այն էլ ամայի անտառում։ Սկզբում խորը շունչ քաշեց, հետո մտածեց, որ գուցե դա բնապահպանական մի պաստառ է, հենց այդ կարգով մարդկանց հետ են պահում կույս անտառի հետ ծանոթությունից։ Ամեն դեպքում հաղթեց հետաքրքրությունը։ Երկու քայլ գցեց, արահետը բաժանվեց երկու մասին, առաջինի կողմ նայելիս խոտածածկը իջնում էր ու հեռվում կարճանում, երկրորդի դեպքում հակառակը։ Ուղիղ քայլելիս անհայտություն էր, օրը մթնում էր, արևը դառնում էր դեղձի կոմպոտի գույն ու սկսում նուրբ նստել մաշկին։ Որոշեց քայլել դեպի կարճլիկ խոտերն ու հասկացավ գրությունը՝ «իսկ միթե դա քեզ պետք է»։ Հասավ մայթեզրի, ասֆալտը գցել էին բարձր ու տձև լեռների արանքում, այնտեղով անցնում էին պարսկական բեռնատարներ։ Գետում լվաց դեմքը, որ ավտոստոպ անելիս չվախեցնի վարորդներին, կոշիկներն էլ լվաց, որ ուր էլ նստի իջնելիս մորն ու հորը չհիշատակեն։ Օրվա շտապից ասֆալտին նայելիս հեռու ալիքավոր էր դառնում, ոնց խմած մարդու համար ցանկացած ուղղություն։ Մեկ էլ երկարուկ ճանապարհի հեռվից երևացին բեռնատարները։ Սիրտը սկսեց արագ աշխատել, մեքենայի բարձրությունը մի քիչ թևաթափ էր անում, բայց փորձեց գոնե թռչկոտելով վարորդի աչքին երևալ։ Առաջին մեքենայի  վարորդը նկատեց թռիչքները, բայց կեղտին հատուկ հայացքով նացիստական շեշտադրությամբ  անցավ կողքով։ Ծաղրածու չէր, բնավ, մեքենա էր պետք, ավտոստոպը էլ ոնց են անում «լավ, կանգնեմ, բութ մատս պարզեմ, կամ մեղուն կկծի, կամ էս անտեր ֆուռերի մարդիկ կկանգնեն»,- մտածեծ ու շարունակեց դուրս գալ ամայի ու տիրավոր մայրուղուց։
Կանգնել էր, աչքը կպել էր արդեն, ոսկե ժամն անցել էր, մայրամուտը արտագրում էր կապույտը։ Լսվեց մեքենայի ազդանշանը։ Պարսիկ էր ղեկին, չէր խոսում հայերեն, ռուսերենախառը բառեր էր արտաբերում։ Հասկացրեց, որ կարող է մինչև Երևանի գործարանային տանել, դրանից հետո՝ ամեն մարդ իր ճամփով։ Մեքենայի նստատեղին հասնելու համար աստիճան իջեցրին, նստեց ու զգաց ինչպես պարսից շահն էր իրեն զգում էն թվերին։ Սկզբում լուռ էին գնում։ Երկուսն էլ վատ էին խոսում ռուսերեն ու խուսափում էին շփումից, բայց պարսիկը սկսեց խոսեցնել կոտրած ռուսերենով։
- Էստեղից դեռ մարդ չէի վերցրել, երևի առաջին անգամ եք էս կողմերում:
- Հա, առաջինն էր, բայց էլի կգամ ու եթե բախտս բերի, Դուք կլինեք էս կողմերով անցնող։
- Բա մեքենա չես ուզում առնես, սենց ոնց կլինի։
- Մի օր կառնեմ էլի։
- Անպայման։
- Բա չեք հոգնում ճամփեքից։
- Սիրում եմ քշել, շատ, տնեցիք են կարոտում, բայց ոչինչ, ես էտ ընթացքում հանգստանում եմ իրենցից։
- Հա, դե ձեր մոտ ուրիշ է սաղ։
- Էտ առաջ, հիմա սաղս էլ մի ամանի ճաշ ենք ուտում, մենակ կրոնը հստակ է, մենք մեր ասածից հետ կանգնողը չենք։
- Հասկացա։
- Չեմ սիրում էս հաստվածը։
- Խի՞։
- Տարիներ առաջ էստեղ էի հասել, որ իմացա սիրածս մարդուն ամուսնացրել են հարևան փողոցից մի գորիլայի հետ։
- Էտ ո՞նց։
- Դե, 2 օրով եմ գալիս, աչք ունեին վաղուց, մինչև Հայաստանից հասնեմ Պարսկաստան, կազմակերպել են ու ամուսնացրել։
- Վա՞տ են։
- Իրենք չգիտեմ, բայց ես շատ վատ էի։ Ախր ամեն բան որոշել էի ու կազմակերպել, հենց հետ գնայի, պիտի Հադայի հետ ամուսնանայի, ի դեպ ես Ահմեդն եմ։ Տես ինչ սիրուն կլիներ՝ Հադա ու Ահմեդ։
- Բա էս մի փեսայի անունն ինչ է։
- Դրա ․․․, մի էլ հիշեցրու։
- Լավ, լավ։ Բայց մատիդ մատանի կա, աչքիս հետո  գտար երջանկությունդ։
- Գնացի ու ամուսնացա քրոջ հետ, հետո փոքր քրոջն էլ կնության բերեցի ու եթե էլի քույր ունենար, իրեն էլ կբերեի։
- Ավելի դաժան վրե՞ժ։
- Որ մտքիս դնեի հոր ձեռից մորն էլ կխլեի։ Հերը գիտեր, որ սիրում էի Հադային, գիտեր։
- Գոնե քրերին սիրո՞ւմ ես։
- Հա, օրումեջ, հերթով։
- Մի քիչ էլ դու պատմիր, քո ձեռքին մատանի չկա, քո կյանքը երևի ավելի հետաքրքիր կլինի։
- Դե, եսիմ, առաջ շատ էի սիրահարվում, լինում էին դեպքեր, որ մտածում էի՝ «վերջ, ինքն ա, հաստատ ամուսնանում եմ», մեկ էլ նենց մի բան էր լինում։
- Օրինակ ինչ էր լինում։
- Դե, եթե աշխատավարձս մի քիչ ուշացնում էին, սկսում էին նվնվալ, որ տեղ-մեղ չենք գնում։ Կամ ուզում էին բան ասել ամուսնության վերաբերյալ ու էտ սաղ նենց էին ձևակերպում, իբր իրենց տնեցիքի պահանջն է, բայց դու ապրած մարդ ես, գիտես, որը ոնց է լինում։
- Դե, հասկանում եմ քեզ, ոտքերդ ամուր չէին էն ժամանակ, բայց դու էլ լավ գիտես, որ երկար անորոշ պահես մի հարաբերություն, կողքովդ ուրիշի կինը դարձած կքայլեն ու հատուկ նենց, որ աչքդ ծակի իրենց երջանկությունը, դու էլ մնաս տենց եզի դեմքով անորոշ կանգնած։
- Չգիտեմ, սիրուց արձակուրդ եմ վերցրել, հիմա հավես չունեմ հեչ ոչ մեկի հետ լինելու։
- Լավ բան ես արել, քեզ խնայի, բայց տես սրտիդ տեղը սեղան չդնես, թե չէ մեկ էլ կտենաս էտ սեղանին պառկած ես ու թաղումդ է։
- Ձեր թվերն էլ են էլի ուրիշ, - սկսեց ցրել խոսակցությունը, ամեն դեպքում անծանոթ էին դեռ ու չէր ուզում շատ խորանալ իր կյանքից պատմելով։
Ճանապարհը տանում էր, գծանշված սպիտակ ուղիղ հետքերը զգոնություն էին տալիս, խոսում էին տարբեր թեմաներով ու էդպես հասան գործարանային։ Իջնելիս ասեց՝
- Ապրեք, թող քո բոլոր կանանց հետ երջանիկ լինեք,  ի դեպ՝ իմ անունն էլ Տիգրան է։
Երևանյան շոգը տեղ հասնելուն պես քրտնեցրեց ճակատը։ Նորից նույն աղմուկն է, նույն աղտոտված օդով բնակատեղին, թոքերը հազիվ զարմացել էին։
- Արի, արի, տանեմ,- մեկ ուրիշը մյուս կողմից,- արի, ես տանեմ, դրա  ավտոն կեղտոտ ա,- մեկ ուրիշն էլ էն մյուս կողմից,- դրանց մի լսի, ես խաչբառ լուծել գիտեմ, նորմալ տեղ կհասցնեմ։
Տիգրանը նստեց 35 համարի երթուղայինը։ Մի կանգառ անց երթուղային բարձրացան սիրունատես կանայք։ Մեկի հագին բաց դեկոլտեյով վերնաշապիկ էր, որի կոճակները շունչները պահած, ատամները սեղմած պահում էին կրծքերի ծանրությունը, մյուս կնոջ հագին փակ հագուստ էր, բայց ձեռքերի երակները գրավիչ էին, իսկ այ 3-րդ աղջկա դեպքում Աստված տվել, չէր խնայել, ոտքերը բաց, անրակները ձիգ, կուրծքը, մազերը միջին, աչքերը մեծ, համավարակ էր, դիմակի պատճառով շուրթ ու քիչ չտեսավ, բայց մի քիչ հասկացավ էն պարսիկին, դե նրանց իմիջային կոդը համավարակի պատճառով թրենդային դարձավ։ Նայում էր կնոջը, հետո մյուս կնոջը, հետո դուրս, հետո ներս, հետո աղջկան, հետո կնոջ դեկոլտեին, հետո ժամին, կանգառին, ճանապարհին ու օղակում վազող խամյակի պես աչքը կպավ։
- Հելի, ախպերս, գիտեմ հոգնած ես, բայց հեսա կանեց կհասնենք, ասա ուր պահեմ։
Աչքը մի կերպ բացեց, նայեց վարորդը դիմապակու միջով խոսում էր իր հետ։ Աջ նայեց, ձախ նայեց, ոչ տիկնայք կային փափկասուն, ոչ էլ եղնիկը սիրուն։
- Մի կանգառից պահի, ձյաձ, ապրես, որ զգուշացրիր։
Ստվերոտ էին փողոցները, քայլերը շտապ էին, տան կարոտը՝ միշտ։ 5 հարկանու մոտ կանգնել էր ուղիղ, նայում էր վերև։
- Հըն, Տիկո, էլի ուզում ես ջոկես, թե քանի հարկ վերև կկարանաս թքես։
Տիգրանի մանկության ընկերն էր, Կարենը։ Միշտ սիրում էր հետևել Տիգրանին ու սպորտայիյն մեկնաբանի պես ներկայացնում էր իրավիճակը ի լուր թաղային հեղինակություն համարվող, թաղի ներսուդուրսին ծանոթ տատիկների։
- Վայ, բալա, Տիկոն ա՞ եկել,- հեռվից կանչեց Սվետ տատը։
- Հա, ես եմ, Սվետ տատ, լավ ա, որ կաս, անցած անգամ նենց էիր քեզ պահում, ինձ թվաց մի քուչի դիվերսանտ կպակասի։
- Շան տղա, լավ ա, որ եկար։
Տիգրանը բարձրացավ տուն, քաղաքը նույնն էր։ Դուռը բացեց միշտ սիրելի ու թանկագինը մամը։ Գրկել էր պինդ ու չէր թողնում։ Հետո գրկախառնությանը փայ մտան մյուս տնեցիք։ Տիգրանը լուռ էր, մյուսներն էլ էին լուռ։ Նայում էին Տիգրանին, մեկ էլ հնչեց հարցը։
- Հանդիպան ես հա՞։
- Ինչ իմացար, մա։
- Լոգանքից հետո մորուքիդ էլ սփրեյ քսեցիր։
- Հա, մա։
- Դե էս փողը վերցրու, որ ցուրտ ա, դրսում թրև չգաք, բայց մինչև էտ արի հորդ հետ մի կտոր հաց կեր։
Տիգրանը վեր կացավ, ուղղեց շորերը,  նայեց ժամացույցին, օրը գողանում էր վայրկյանները։
Նստեց պոպոքի փայտից սարքած սեղանի մոտ, նայեց հոր աչքերին, միասին բարձրացրին թափանցիկ բաժակները, որտեղ ծիրանի օղին խոստանում էր բթացնել մտքի ապրածը։
 - Ողջ-առողջ բալես, լավ է, որ տուն եկար, պատերազմը վատ բան է, բայց դու իմ բալեն ես, ես չեմ կարա չուրախանամ քո լինելու համար, կենացդ, Տիկ ջան։
- Ապրես պապ։
- Մի կենաց էլ դու ասա, մեր մեջ մեծը դու ես, բալ ջան։
Երկրորդ թափանցիկ սփոփանքն եկավ մտքի խրամատ, պիտի կրակեր, բացեր սիրտը։
- Որ  չլինես մահվան բացիլ, որ չլինես խունկ ծխող կույս, որ չլինես դռան բռնակ, որ չբացեն քեզ կեղտոտ ձեռքով, քեզ պատահած լրբերն՝ անկախ սեռից։ Որ քո կյանքում երբեք չզգաս ինչ էր տալիս մեջքիդ քացով, երբ ոռնում էիր, լսում մուղամ, որ հոգի էր քանդում ներսից, որ չզգաս երբեք, թե ոնց եղավ, որ ողնաշարիդ դիսկերը տես, հրաժարվում են ձիգ դիրքից, որ չզգաս երբեք էն շան աղջիկը, ոնց պաչեց մեկ ուրիշի, որ քո առնական մարմինը բաց հաճույքով լցված գինետան դուռ էր, իսկ էսօր ջրհոր, աչքի թացից լիքը դառը, որ չզգաս հողմը մյուս մայրցամաքի, որ բերում էր հուշ նախորդ մարդկության։ Որ չտեսնես դու տաքացող կլիման, որ բացեց վերքը սառած այսբերգի, որտեղից էլ  դուրս թափվեցին վաղուց քարացած վիրուսները էս, որ չտեսնես սալը բարակող, ոսկորին հասնող միսը մարդկության, որ չտեսնես դու մեկին ծաղրող մյուսին Աստված կանչող քածեղեններին՝ էլի անկախ սեռից։ Դու մի մատուռ, գալիս են քեզ սիրտ կնքելու, սիրտ թափելու, թողնում են կեղտը քո մյուռոնի մեջ, գնում հեռուներ՝ խոստումներ տալով նորից հետ գալու այցի։  Կենացդ, Գև։

Շուշանիկ Ասատրյան


Комментарии

Популярные сообщения из этого блога

ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՔԱՐՈԶԻ ՊԱՏՈՒՀԱՆ Օվերթոնի «պատուհանը» մշակված մի մեխանիզմ է, որի միջոցով հասարակությանը կարելի է ընտելացնել անհանդուրժելի երևույթներին (անբարոյականությունից մինչև մարդակերություն)։ Այս մեխանիզմը կազմված  է մի քանի քայլերից, դրա կիրառումից  հետո ենթագիտակցությունը պարտության է մատնվում։ Դիտարկենք միասեռականության թեման։ Այն քննարկելիս առաջին արձագանքը, որը մասսայականություն է վայելում՝ դա ամոթն է, չնայած այս երևույթն ունի դարերի պատմություն։ Մեկ այլ տեսանկյունից՝ 20-րդ դարից մինչև մեր օրեր հասարակությունը հետևում է Օվերթոնի «պատուհանի» մեխանիզմին։ ԶԼՄ-ներն այս ծրագրի մի մասն են կազմում, քանի որ  միասեռականության թեման շոշափելիս այն շատ դեպքերում ներկայացվում է  հիվանդություն, իսկ արվեստի դեպքում արտիստիկ շեղում, որը նորմալ է ․ «անձը տաղանդավոր է և նրան ամեն բան թույլատրելի է»։ Ի հակասություն նախորդ օրինակի՝ շատ լրագրողներ իրենց նյութերում ներգրավում են միասեռականներին և զոհի հոգեբանությամբ հարցազրույցներ են հրապարակում։ ԶԼՄ-ները թիրախավորել
Լեոնարդ Քոհեն (Կանադացի գրող, երգահան, երգիչ) Հազարավոր համբույրների խորքում      ( https://www.youtube.com/watch?v=46cSksKVzzs ) Պոնիներն են վազում, աղջիկներն են երիտասարդ, դժվարությունները պատրաստ են հաղթահարման։ Ժամանակ ես շահում,  հետոն՝ ավարտ, վերջ հաջողության քո ժապավենին, և  հիմա հրավիրված ես հաղթահարելու քո անպարտելի ձախողումները։ Ապրում ես, կարծես, կյանքն իրական է  հազարավոր համբույրների խորքում։  Ես փոխում եմ հնարքներս, քարանում՝ տեղնուտեղս, ես կրկին Բուգի սթրիթում եմ․․․ Կորցնում ես հիմքերդ  և այդժամ սահում գլուխգործոցի գիրկը։  Գուցե, դեռ շատ կիլոմետրեր պետք է գնայի, և կային խոստումներ՝ չպետք է պահվեին, բայց ձեռք ես քաշում այդ ամենից,  որ ողջ մնաս  հազարավոր համբույրների խորքում։ Երբեմն, երբ գիշերն է դանդաղ, դժբախտ ու մեղմ մենք հավաքում ենք մեր սրտերն ու հեռանում՝ հազարավոր համբույրների խորքում։ Սեռականով բավարարված մենք համառել ենք ծովի սահմաններում։ Տեսա անօվկիանոսությունը. իմ պեսները,  որ սնվու