- Արագացրու, թռի,
ցլի փայ կդառնաս էտ հանդի մեջ, վազի։
Սարի վրա է այդ սենյակը,
այն արահետով, որ քայլում էինք մենք, հենց այդ գծերով, որ մեքենայից հետո մնացին, որպես
հողին սպիեր, այդ արահետը մեզ բերեց այստեղ։
Մենք նստած էինք շրջանաձև, ճիշտ այնպես, ինչպես նստում են հոգեբանական քննարկումների
ժամանակ։ Խոսքը հոսում էր բերնեբերանու ֆուտբոլային թիմի պես մենք իրար պաս էինք տալիս
մեր միջից խոսք հանելու աքցանը։
Այդ սենյակում պատերն ունեն տարբեր գույներ, պատերին կան հայելիներ ու ինչ-որ տարօրինակ
պատկերներ։ Մի պատին հոսում էր Դալին, մյուս
պատն ուներ մի քանի քառակուսի Պիկասո, մյուս պատին դեղին ու ոսկեգույնը կապույտի հետ
լավ էին նայվում՝ Կլիմտի ու Շագալի խառնուրդ էր, իսկ պատուհանից երկինքն էր ու աստղերը՝
Վան Գոգն էր ապրում պատին։
Մենք խոսում էինք, կիսվում, ի դեպ ես Թոմն եմ, իմ դիմաց Քեյթն է, նրա կողքին Ջոն, նրանից
աջ Հեմը, նրանից ձախ Աննան, Աննայի դիմաց Արենը և Լունան։
Ընթացքում գալիս-գնում էին ինչ-որ մարդիկ, բայց հիմնական նստածներս այսքանս էինք։ Ես
չեմ ասում հայկական անուններ, քանի որ այս պատմությունները հարիր չեն 301 թվականին
առաջինը քրիստոնեություն ընդունած ազգին, քահ-քահ-քահ։ Այստեղ կա վիրավորանք, դավաճանություն
և այլ բաներ, որտեղ Աստված թող չլսի, համարենք՝ կիրակի է, թող հանգստանա։
Հիշում ես, որ Թոմն եմ։ Իմ ընտանիքը ապրել է Հայաստանի հեռավոր գյուղերից
մեկում, այս աթոռը ճռռում է, փոխեմ ու շարունակեմ․․․
Այնտեղ, որտեղ ես եմ մեծացել, կա ընդամենը
մեկ գիշերային ակումբ, դա էլ մի ավտոտնակ է և մերկապարուհին անփոփոխ է։ Անկեղծ ասած
ես հոգնել էի նրանից, քանի որ անգիր գիտեի
նրա գիշերազգեստները, նա էլ խնայում էր իրեն տրված փողը, որ փակի վարձով տան գումարը,
այդպես բոլոր դիտորդներով բավարարվում էինք 7 ներքնաշորով՝ ըստ շաբաթվա օրերի։
Ինձ սովորեցրին ծխել, ասեցին, որ իսկական տղեն պիտի ծխի, առաջին մուխը դուրս չեկավ,
երկրորդն էլ, հինգերորդն էլ, բայց հանուն տեղացիների սկսեցի ծխել՝ հաճույքի իմիտացիայով։
Մի քանի ամիս հետո ջոկեցի, որ կարամ կպցնեմ սիգարետը, իրենց հետ խոսեմ, վերջում հանգցնեմ,
մեկ ա չեն էլ նայում ինչ ես անում, կարևորը թաթիդ մեջ սիգարետ տեսնեն։ Ի դեպ մի ֆրանսիացի
աչոն էր եկել մեր գյուղ, մի անգամ մտավ մեր թաղ ու ասեց՝
- ՍիգաՂետ։
Սաղ մտածեցին թլոշ է, բայց ես շատ էի նայում
կարճ մազերով աչոնների նկարներ ու հիմնականում էտ աչոններն ինձ հիշեցնում էին
ֆրանսիական սիրունությունը։ Մի քիչ էլ մնար մեր քուչում ֆրանսիական համբույրի փայ կդառնար,
բայց դե վերցրեց իր սիգաՂետը, նայեց աչքերիս, մուխը շպրրտեց դեմքիս, իբր ՝
- ՄեՂսի բոկու։
Ես ընդունվեցի համալսարան, հեռացա գյուղից ավելի մեծ գյուղ՝ Երևան եկա։ Էստեղ սովորեցի
4 տարի, սիրեցի 2 հոգու, վերջինը սրտումս մնաց, իրանից հետո ում սիրեցի իր դետալները
ունեին՝ ռիժի մազեր, պեպենոտ դեմք, բաց մաշկ։ Մեկն էլ կար, բայց իր մասին ավելի ուշ,
կամ էլ ոնց ստացվի։ Էս աթոռը անդուր ճռռում է։
- Ես Հեմն եմ, ծնվել եմ Սյունիքում, ապրել լեռներում, հիմա, մեր կողմերի
մասին շատ են խոսում, հատկապես աղջիկներիս, ասում են, թե բոլորս համատարած սիրուն ենք
ու հեշտ, դե, հասկացաք՝ ինչ են ուզում մեզ ասել։ Բայց դա հեչ, քչերն ունեն ապացույցներ,
իսկ Երևան տեղափոխվելիս ես հանդիպեցի հենց առաջին կարծրատիպին, որը իմ կյանքը բարդացրեց։
Տարբեր մարզերից եկած
մարդիկ իրենց մարզին վերագրվող պիտակները շպրտեցին իմ կողմ, և քանի որ այդ պիտակները
իմ ոտքերին էլ չէին, ես ուղղակի վայելում էի կյանքը և նկատում, որ ինձ պիտակավորողը
հենց իր ասած որակները կրողն է։ Մի օր դասախոսն ասեց՝
- Ես գիտեմ, որ դու ոչինչ չես անում, սակայն
եթե շարունակես չխոսել, մեկ էլ տեսար քո վզով անեն նաև իրենց հղիությունները, չնայած,
որ դու աղջիկ ես։
Ես միանգամից հասկացա դասախոսիս, նա մեծ տարիքով կին էր, ծխում էր ընդմիջումներին ու
հիշում այն բանաստեղծությունները, որոնք ոչ ոք այդպես էլ ճիշտ շեշտադրությամբ չարտաբերեց։
- Իսկ ես Քեյթն եմ, ծնվել,
մեծացել եմ Երևանում։ Ինձ համար էլ հեշտ չէր էստեղերանք ապրելը։ Ոնց ասեց Թոմը՝ սա
մեծ գյուղ է, որտեղ շենքերն ու ժամանցի վայրերն են շատ։ ՈՒրիշ ոչ մի արտառոց տարբերություն։
Ես չեմ հագնում շատ կարճ, սա սեռաքաղց ունեցողների տարածք է։ Ես սիրում եմ հագնել ազատ
հագուստ, դրան զուգահեռ լինել գրավիչ։ Հա, ես լավ չեմ սովորել դպրոցում, համալսարանում,
բայց դա ինձ ինչ, ես հիմա գրաֆիկ դիզայներ եմ ու
ինձ ոչ մեկն էլ չի կարա ասի, թե «ամոթ քեզ Քեյթ, դու վատ ես սովորել»։ Ես ֆեմինիստ
եմ, այդպես եմ ասում, որ այլևս իմ իրավահավասարության թեմայով խոսքուզրույցները չթվան
պաթետիկ։
Ընտրել եմ մի համայնք,
որտեղից խնդիրների մասին խոսելն ավելի հեշտ է։ Այ օրինակ՝ Հեմը չասեց, բայց ես ավելի
բաց կլինեմ իմ խոսքում։ Նատուրալիստ եմ, սիրում եմ մարդու մաշկի հոտ, բնական դեմք և
ամեն բան, որը բնական է։ Սրան զուգահեռ ինձ սիրող տղաները ինձ միշտ հորդորել են լինել
սպորտի մեջ, իբրև սրտիս օգուտ է տենց, բայց ես հո լավ գիտեմ, որ սիրտը տուտ նի պրիչոմ։
Իրենք իմ սիրտը չեն տեսել, այլ հավանել են ինձ ու հիշել իրենց սիրելի գիշերային ակումբի
ծիծեռնակների ոտքերը, համեմատել իմինի հետ, հասկացել, որ այն մեկը իրենց ուզածով չի,
քանի որ բոլորինն է, ես էլ իրենց սրտի ուզածով
չեմ, քանի որ աշխատում եմ շատ, ժամանակ չունեմ ամեն օրը ստաբիլ մկան ձգելու։
Բայց կան նաև տղաներ,
որ ինձ կերակրում են՝ լավ տեղեր են տանում ու ասում, որ լավ սնվեմ, կարևորն իմ առողջությունն
է, ես նրանց բոլորից շատ եմ սիրում։ Նրանց տղա տեսակը մարսել է կյանքի էն իմաստը, որ
ի ծնե մեզ չակերտավորում են, ստիպում լինել մնգոյում լավագույնը, անգամ չիշիկ անելիս,
ստիպում դասարանում նստել առաջին սեղանին ու չխոսել, լինել ընդօրինակելի, լինել այնպիսին,
որից բոլորը գոհ կլինեն։ Բայց ես, ես սիրում եմ լինել մի քիչ մսիկոտ, մի քիչ թեթև հագուստ
հագնել, բայց քայլել ուրախ ու չմտածել, որ այն տղան, ում ես համակրում եմ ինձ կասի՝
«մի կեր՝ կչաղանաս»։ Ես այդպես խոսողներին միանգամից ուղարկում եմ գրողի ծոցը, որովհետև
ինձ պետք չէ նա, ում պատճառով ուտելիքը համեղ չէ, կյանքը համեղ չէ։
- Քեյթ, թող մենք էլ խոսենք,- միջամտեց Արենը։
Սկզբի համար ասեմ, որ Քեյթը գիրուկ չէ, նա պարզապես նիհար չէ, այդքանը։
Ես քչախոս մարդ եմ։ Ծրագրավորող եմ, ապրում եմ այստեղ վաղուց։ Եկել եմ Վրաստանից, վրացահայ
եմ, ունեմ երկու հայրենիք, երկուսն էլ վատ օրի, ոնց հետսովետական ցանկացած երկիր՝ տարածքային
առումով։
Զբաղվում եմ ծրագրավորմամբ, որովհետև դա գումար է
բերում։ Սկզբում բարդ էր ինչ-որ կոդեր հիշելը, դրանք վերլուծելն ու հասկանալը, բայց
վարձատրվող աշխատանքի համար արժե տանջվել մի քիչ։ Հիմա ունեմ մեքենա ու կյանքս այդքան
էլ վատ չի ընթանում։
Միակ վատ բանն այն է, որ ուշ եմ քնում։
- Արեն, պատմիր էն էլ։
- Չէ։
- Էսօր էտ օրն ա։
- Հանգիստ թող։
- Ես կպատմեմ, - ասեց Քեյթը,- Արենը վստահելի տղա է ու նրան կոտրել է մի անողնաշար
լիրբ։
- Քեյթ։
- Թող իմանա, որ լիրբ է,- շարունակեց Քեյթը։
Արենը երբեք ընկերուհի չէր ունեցել, միասեր է։ Մի օր ծանոթանում է մի աղջկա հետ, որի անունն էր Նատալի։ Նատալին կարճ
մազեր ուներ՝ խոպոպիկներ էր անում, լսում էր ջազ, ծխում ռինսթոն։
- Winston, Քեյթ։
- Հա, դրանից, անդադար տխուր էր էտ լիրբն ու անբավարար էս կյանքից։ Հաճախ Արենին ստիպում
էր, որ տանջվի, 3 օր կորչում էր, քարշ գալիս, հետ գալիս անմեղի հայացքով ու քնում Արենի
ծոցում։ Առավոտյան ուտում էր, խմում ու գնում թախծելու պատճառներ գտնելու։ Արենը ամեն
բան անում էր, ամեն բան։ Արենը անգամ մոր հետ էր վիճել, քանի որ մայրը նկատել էր Նատալիի
գումար ծախսելու, ծախսեցնելու հմտությունները։ Մինչդեռ ինքը աշխատում էր հազիվ 100
000 դրամ։
-
120
000։
- Թող տենց լինի։
- Իսկ կլինի մի պահ ես պատմեմ իմ մասին ու գնամ ձեր պատմվածքից։ Արեն ջան կներես, որ
լսում ես ինձ հիմա, երևի հավեսս չունես, հատկապես վերջին անգամ որ քեզ ասեցի, յանի
թույլիկ ես, կատակ էի անում, լավ էլ երկար դիմացար։ Ինչևէ,- ես էլ չգիտեմ՝ ոնց ու որտեղից
միջամտեց Նատալին,- Աջ ու ձախ կրունկ, հանել շպրտել օդ, քայլել, նվնվալ ոտքերի ցավից,
հագնել հողաթափ, վայելել հարթ տակացուն, հանել կիսաշրջազգեստը, շպրտել օդերով, վազել
լվացվելու, հետո ազատագրվել կրծկալներից
ու նետվել սեղանի մոտ՝ սովը հագեցնելու։ Համով է տապակած հավի բուդը, հատկապես մի քիչ
վառած հատվածը, բայց չեմ ասի, թե խի, որովհետև հիմա ինձ գուցե կարդում է մի վեգան։
Տեսնում ես, թե ինչ բարեգութ եմ, խնդրեմ։ Առհասարակ այսպիսին չեմ։ Հաճախ որակում են
ինձ ասելով՝ «նագլի», որովհետև գիտեմ, թե ինչ եմ
ուզում ու կարևորը՝ ինչ չեմ ուզում։ Մեր հասարակության մեջ բարդ է ընկալվում
չուզելը, հատկապես, երբ տատիկիդ տանն ես ու սոված չես, մեկ է, պետք է մի աման բորշչ
ուտես, թե չէ էտ ինչ է քո վիճակը, անորեքսիան քո ընկերն է ու նման ֆլան-փստան բաներ։
Ի դեպ, ուտելիս չեն խոսում։ Գնացեք մյուս հերոսների մոտ, որովհետև ես Նատալին եմ ու
իմ ժամանակը շատ թանկ է, ձեր համար ժամանակ չունեմ։
Մոտ 10 րոպե լռություն էր, Նատալիից հետո կյանքում միշտ լռությամբ հարգում են զոհված
նյարդերի հիշատակը։
Օդը սառն էր ու հով։ Աննան լուռ էր։ Լունան ու Ջոնը նայում էին իրար ու փորձում ինչ-որ
բառ արտաբերել․ միջամտեց Հեմը։
- Երբ փոքր էի, հայրս իր գործիքները տալիս էր ինձ ու թողնում, որ խաղամ։ Հայրս լավ
մարդ է, բայց ինձ համար մշտապես մեծ խնդիր է եղել նրա և մորս հարաբերությունը։ Նրանք
չեն սիրել իրար։ Նրանց սերը ես եմ։ Ինձ համար անընդունելի է, որ ես իմ հոր և մոր միակ
սերը, միջոց ու սուբյեկտիվ միջամտություն, օղակ, որի հեռացումը դեպի այլ սուբյեկտների
կարող է ճգնաժամ առաջացնել հորս և մորս միջև։ Չէ որ նրանք իրար տանել չեն կարողանում,
հետևաբար երբ ես ամուսնանամ ու գնամ՝ նրանք կմնան անխուսափելի միության հետ։ Միություն,
որն ի սկզբանե իրենցից միայն մեկն էր որոշել։
Ես՝ այսքանը։ Ծնող լինելը միայն ես-ի կերակուրը չէ, ամուսնությունը ստրատեգիա է, որը
հաջողելիս երջանիկ են բոլորը, անգամ թոռներդ։
Աննան լուռ էր։ Ստվերախաղը շարունակվում էր։ Աննայի լռությունից օգտվեց Ջոնը։
Ծխելը թողել եմ 24-ում։ Մարդիկ դարդից սկսում են ծխել, ես թողեցի էտ անտերը։
Մասնագիտությամբ քիմիկ եմ, բայց ով պիտի էստեղ էս մասնագիտությամբ ապրի, վաստակի և
այլն։ Հիմա մարքեթոլոգ եմ։ Գովազդում եմ այն բոլոր հիմարությունները, առանց որոնց մարդը
կարող է ապրել, սակայն գնում է, որ իրեն սոցիումի մի մասը զգա։
Ա՛յ, տես՝ օրինակ՝ հացը չեն գովազդում, այն կա ցանկացած շենքի բակի խանութում, այն պետքական
բան է, իսկ այ վիտամինացված խմիչքը պետք է գովազդել, քանի որ այն գնելու համար պետք է ունենալ մոտիվացիա՝ «խմիր
ու գրավիր», «խմիր և զգա քեզ լիարժեք»» Հենց այսպես, մենք խաղում ենք մարդկանց մտքերի
հետ, ցանկությունների հետ։
Մի ողջ թինեյջերական համայնք խմում է էտ գավնոն, որ դառնա ավելի լիարժեք, որ գրավի
այն, ինչը գրավել հնարավոր չէ։
Քիմիկ մնայի, երևի ավելի պիտանի կլինեի կյանքին, բայց հիմա սա է փողաբեր, սա է
պետքական։ Աստված խաբել է մարդուն ասելով, թե կյանքից հետո կա դժոխք և դրախտ։ Կյանքի
ընթացքում էլ կարող ես զգալ առաջինը, երկրորդը դեռ կտեսնենք։
Ես Ջոնն եմ, երևանյան հայտնի տղա, ով վաճառում է գավնոն, որ ստանա մյուս գավնոն՝ փողը:
Աննան լուռ էր, նայում էր պատուհանից դեպի դուրս բացվող բնությանը։ Խոսքուրզրույցների
արանքում լինում էին լռություններ ու հենց լռության պահերին կարելի էր լսել փայտփորիկի
կտուցի հարվածի ձայնը՝ ծառին։ Աքլորականչը ուշանում էր, հավանաբար հավերը գիշերային
խրախճանքի մեջ էին պահել հավքի միակ արուին։ Պատուհանները հին էին, այնքան հին, որ
դրանց արանքով կանաչ մամուռներ էին, անձրևից հետո ինչ-որ կյանք էր նորից տեղավորվել
մեռած փայտի մեջ։
Լունան անկանոն շարժում
էր ձեռքերն ու սպորտսմենի պես սպասում էր իր համարին։
Ասելիքը խիստ աղջկական էր ու հստակ։
-
Ես գեղեցիկ
եմ, ես դա գիտեմ, ասել են, տեսնում եմ հայելու մեջ։ Ինձ դուր են գալիս տարիքով մարդիկ,
ոչ թե պապիկիս կամ հորս տարիքի, այլ 10 տարի
մեծ։ Հոգեբանս դա անվանում է Էլեկտրայի բարդույթ, ես հոգեբանիս անվանում եմ դժբախտ
գիտակ։ Նրան ցանկացել եմ, որ ամուսնանա իրենից 10 տարի փոքր մարդու հետ և ամբողջ կյանքում
իրեն տանջի իր գիտությունը։ Ընտանեկան խնդիրները միշտ խփել են ինձ։ Ես
հիշում եմ հորս և մորս վեճերը։ Դրանք միշտ կանգնել են կոկորդիս, երբ փորձել եմ կառուցել
մի նոր բան, մի նոր սեր, մի նոր կիրք։ Ագրեսիան, որը իմը չէր, այլ մորինս, ասես արյանս
մեջ նստած մի բան լիներ, հորս կասկածամտությունը իմ մազերի մեջ էր։ Էս ծուռ ու անհաջողակ
հոգեբանը, որի այցելուն ես եմ, դրա համար է անհաջողակ, հանեց իմ միջից այդ կարծարտիպերը,
թե ես էլ կլինեմ հորս ու մորս հարաբերությունների կրողը։
Ծնողների վարքը վատ է անդրադառնում մարդկանց վրա։ Դա փաստ է։ Երեխաները միշտ հասարակությանը
ներկայանում են ընտանեկան խնդիրների արդյունքով։
Ես կուզեի հետ տալ ժամանակն ու կանխել հորս ու մորս միությունը։ Այդժամ մայրս երջանիկ
կլիներ, հայրս՝ սկզբի մի քանի ամիսը, գուցե
տարին՝ դժբախտ, բայց նա էլի կգտներ ինչ-որ մեկին։
Պառկած էի սիրելիիս կողքին ու մենք խոսում էինք կյանքից, նա շոյում էր գլուխս, համբուրում
ճակատս ու շնորհակալ լինում լինելուս առիթով։ Հենց միայն այդ պահերին ես չէի կանգնեցնի
հորս և մորս, որ դարձան միություն։
Աննան ձեռքը տարավ վզին, ուղղեց մազերի դիրքը։ Այս կենցաղային, կրքային, սիրային
զրույցները նրա կյանքը մաշում էին՝ դանդաղ-դանդաղ։
Վեր կացավ, քայլեց դեպի դուռը, շրջվեց, իր խորամանկ, բայց սրբագույն հայացքով, հերթով
նայեց նստածներին, կարծես հուշեր, որ գնան իր հետևից։
Առանց
վարագույրը բարձրացնելու բոլորն անցան վարագույրին կպած՝ ոնց փոքր ժամանակ, երբ կտորը
դեմքիդ քսվելով շոյում էր այտերդ, քիթդ ու ինչ-որ տիեզերական տրամադրություն էր հաղորդում
կյանքին։
Աննան առաջին մկրտվողն էր, անցավ վարագույրի միջով, կանգնեց պատշգամբում, նայեց առաջ,
հետո՝ աջ, նկատեց, որ կա սանդուղք, որը կարող էր հասցնել ներքևի ժայռակտորին։ Իջան
բոլորով՝ ոնց գնացքի վագոնները, գնացին դեպի
ժայռի կտորը, կանգնեցին ու նայում էին Աննային։ Նրա լռությունը գիշերվանից հանգիստ
չէր տալիս մյուսներին, կարծես իր խոսելու հերթը բոլորին զիջած լիներ։ Աննան նայում
էր հեռու, սպասում էր, վերջապես խոսեց՝
- 3,2,1։
Կապույտի ու վարդագույն լուսաբացը ըստ վայրկյանների վերածվեց դեղինի։ Կանգնածների աչքի
մեջ՝ սև խոռոչի մեջ արտատպվել էր ծագող լույսը։
Աննան նայեց մյուսներին,
ժպտաց, կրկնեց՝
- 3, 2,1։
Մի քիչ լարված, լավի սպասումով բոլորի ականջին լսելի դարձավ աքլորականչը։
Շուշանիկ Ասատրյան
Комментарии
Отправить комментарий