К основному контенту

Աբուլիկը չի ծխում



Բոլորն, ովքեր լքեցին մեզ, մեր ողերն էին, սկզբում կորացանք, ծերացանք, հոդացավ, ապտակ, կարոտ, ատելություն, վերածնունդ։
Հեռանալու ուրվագիծը մնաց մեր կոպերի մեջ, հետքեր, աղերսանք, վերադարձ, ապտակ, զղջումներ, կոպտություն, դուռը փակ, «մեկ է հիմա» վիճակ։
Մենք մեր մեջ մնացինք ինչպես միշտ, հասկացող, պայքարող, վանդալիստ, սրբագույն, ատելի, սիրելի, թանկագին։
Հասկացանք պետքականը մեզ, ժպիտ, փող, սեր, կիրք, մարմին, կարոտ, ուրիշի վերադարձ, վերադարձողին մերժում, արժեհամակարգի բարձրացում, ներում, էլի փող, հագուստ, բարեկեցություն, աշխատանք, նշածներիս համակարգող ու գլխավոր հովանավոր` առողջություն։
Մեզ կտակել են, որ պետք է ունենանք ընտանիք, ափսե, մի բարձի ծերացում, հավատարմություն, մատանի, մի գդալ մեղր, կիրք, երեխա, գիրք, ամանի հեղուկ, կուշտ ստամոքս, մի կտոր հաց, հասկացողություն։
Մեզ ասել են լավ մարդ կլինես, չստող, ապտակող, աշխատող, չքծնող, ճարպիկ, հավատացյալ, եկեղեցուց բողոքող, ինքնուրույն, մեծին լսող, չբամբասվող, բամբասանքի զոհ, իդեալական, ոնց կաս տենց էլ եղիոտ, կարմիր շրթներկով, համեստի մեջ գրավիչ, լավ հագնված, աչքի ընկնող, կանտովկեն մաքրած տղա ու որս չանող, հավատարիմ, ամաչկոտ, համարձակ։
Թքեցինք մեզ չհավատացողների վրա,  դատարկություն, ապուշություն, կուտ, գարշահոտ, ուժ, կարեկցանք, սարկազմ, սեր, խեղկատակ, անասուն, հարգելիս։
Մեզ սովորեցրին բառալցոնում չանել, ասեցին, խոսեցին, անցան, գնացին, մոռացանք, մոռացան, հիշվեցին, հիշեցին, վերադարձ, անօգուտ։
Բոլոր դարդերի մեջ գիտակ, ժամանակին մեկը քայլում էր Սայաթ-Նովա փողոցով, բոյով է, մի քիչ ուսերն առաջ են, քացով տվել են մեջքին, գործից հանել, բայց խորամանկ էր, էլի գործ ունի։ Ասում է, որ կոր է քայլում, որ հասնի մյուսների ձայնին։ Քայլում է, պրպտում, ուզում է հասկանալ, թե էս աշխարհում էն աշխարհից ինչ են ներկրել, որ էսքան մարդ դարդից արտահանվում է։ Մտածում է, ձեռքի հետ էլ վայելում ճարտարապետությունը, ցնդած էսթետ է, սիրուն ոտք ու հետույքի մանյակ, գծած անրակ տեսնի, իսկույն կմոտենա, կշնչի տարածքի օդը։ Մեկ էլ վերևից մի ծիտ կծռտի ուսին, կնայի ներքև, կլսի նրան․
- Հիմա, երբ մտքերս որբ չեն, երբ կոտրվել է ժամանակի ու տարածության մեջ  դողացող նյարդս, չկա կորցնելու հիստերիան, կորցրի ավելին, քան պետք էր, ես ողջունում եմ քեզ, որ անդադար ծխում ես իմ թոքերում նստած, հիշում եսիմում, եսիմորերորդին, կատաղում ու հարվածում սրտիս։ Ինչքան բումերանգ է կյանքը։ Ինձ համար ապրածների երազանքներում ես նվիրում էի այն, ինչ ունես հիմա դու։ Անբարո կլինի ստելը, թե տվածս քեզ պետք չէ, նաև պիղծ կլինի կարծելը, թե չես սպասում նրանց տալիքներին, չես անիծում անուշադրությունը  նրանց, ուրեմն, էլի ի՞նչ։ Մեր նավահանգստոմ պինդ կապած է նավս, ապահովության համար բռնել ես քարկապը, գիտես, որ կգնամ առանց հետ նայելու, կլքեմ քեզ, որովհետև հոգնելուց ես շատ եմ վախենում, հոգնեցնելուց՝ առավել ևս։ Միշտ էլ այդպես է, երբ ինքդ մի տեսակի ես պատկանում, դու վախենում ես քեզնից տեսնել ուրիշի մեջ։
Աբուլիկը չի ծխում, ներսում ծխող կա։
 Շուշանիկ Ասատրյան
Լուսանկարը՝ Եսայի Դուրմուզյանի
Պատմվածքներս կարող ես կարդալ «tvալիք» շաբաթաթերթի համարներում: 






Комментарии

Популярные сообщения из этого блога

Ափից ներս

Առավոտ ; 9:34 ։   Բ ացեց աչքերը , նայեց առաստաղին , հետո պատերին նայելով ջոկեց , որ գիշերվա ննջից արթնացել է , օրը նորի ց տշելու ժամանակն էր ։ Վեր կացավ , հագավ քստքստացնող չստերն ու կոմֆորտ սենյակից մագլցեց չիշիկանոց , հենման դիրքից ուղղվեց , մի աչքը փակ աջ ընդունեց , հայտնվեց բաղնիքում , հայելին պատից իրեն էր նայում , բայց ոչ մի հայելի չէր կարա ձախ աչքն էլ բացել տար , դրա համար սառը ջրի չըլըմփոց էր պետք ։ Մեկ - մեկ մինչ և պատուհան էր հասնում , որ սառը օդը  խփի դեմքին , որ զգաստանա։ Սենյակից ալկոհոլի ու դառը չայի հոտ էր ցնդում , գիշերն ինչ - որ մեկը անկողնու մեջ պառկած շուրջերկրյա ճանապարհորդություն էր անում , ուզում էր հասկանար՝ խի է պառկած , եթե ամեն օր նույն ժամին աման էր լվում ու հայհոյում բոլոր տեսակ ամանները , որոնց մեջ թքախառը սննդի մնացորդներն էին։ Բայց նեռվախախտ պահերին մե՛կ մետալ ռոքն էր փրկում, մե՛կ աման լվալը։ Ներսի մեղքը դրսի կեղտով լվալ գիտեր...

Պարոն Պո

  Կաղնու ծառի վրա աճում են գլխարկավոր բարեկամներ։ Մարդիկ նրանց անվանում են կաղիններ։ Երեխաները դպրոցից տուն շտապելիս սիրում են գետնին ընկած գլխարկները հավաքել ու շարել մատների ծայրերին, ինչպես ազնվամորին։ Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ մարդիկ անճանաչ են այն աշխարհին, որտեղ ապրում են, օրինակ՝ նրանք մեկ-մեկ մոռանում են, որ կա տիզերեք և հազարավոր այլ գալակտիկաներ: Ինչևէ։   Կաղնու ծառին աճում են գլխարկավոր բարեկամներ, նրանք գործնական   են, սիրում են պարել ստեփ (նշանակում է քայլ, իռլանդական և աֆրոամերիկական պար), սիրում են լսել տարբեր երգեր ու քանի որ ծնվում են Հայաստանում, բացի Կոմիտասից, Մանսուրյանից, Համասյանից, և այլ անվանի ու լսելու արժանի երաժիշտների ստեղծագործություններից, ակամայից մեկ-մեկ լսում են նոտաներին բռնաբարած երաժշտություն ․   պատահում է նաև այդպես։ Նրանք վստահ են, որ եթե ծնվեին անգամ Ֆրնասիայում, մեկ է, կգտնվեր որևէ կլկլոց, որը նրանց դուր չէր գա, դրա համար էլ նրանք այստեղ ծնվելիս չեն շտապում տաք երկրներ չվող թռչունների հետ հատուկ դաշինք   կնքելու,...

Եսիմ

Քաղաքը մթին էր տվել , խալաթ հագածի պես հանել էր ցերեկն ու դառել   խալոտ երկինք։ Թե վերից քանի խնձոր կընկնի , էլ Նյուտոնի գործը չի: Ծերացած թաղամասերից մեկում, որտեղ տանիքները կարկատած էին, ներկի հերն էլ եղանակով անիծած, պատուհանից ներս ապրողներից մեկը Ջոհանն է։ Ջոհանի պարանին անդրավարտիքները կախվում են ըստ շաբաթվա օրերի՝ երկուշաբթի սևն է, երեքշաբթին՝ մուգ կապույտը, տենց մինչև որբաթ ինչ գույն կուզես մտածիր, ուրբաթը՝ մոխրագույնի օրն է։ Ճարտարապետի տեսք ունի, չնայած ով իմանա, գուցե դաշնակահար է, դե կամ էլ չստացված բարձրախոս, հա, կռահեցիր՝ ասել կուզեմ` քաղաքագետ։ Ջոհանի տան պատերը սիրուն են, որովհետև շյուստրին նենց   տեղ է ծնվել, որ արևը սաղ օր իրենց տան պատերն է պաչում, երեկոյան էլ պատերը վարագույրի հետքերը վերցնելով սիրուն տատուներով մարմին են դառնում։ Բարեկամների հանդեպ էդքան էլ բացսիրտ դեմք չէ, դե նրանք տարին կլոր մարդ են ման գալիս, որ Ջոհանն էլ զույգվի։ Իսկ Ջոհանի համար բեսպրեձել է ուրիշների քիթը իր անձնականում գտնելը, դե էլ չասեմ բարեկամ-քավոր-սան...